Ուշ ամուսնության առավելություններն ու թերությունները

2024/01/25

Վերջին տասնամյակների ընթացքում և՛ տղամարդկանց և՛ կանանց ամուսնության տարիքն աճում է աշխարհում։ Ավելին, շատ զարգացած երկրներում ամուսնությունների կեսից ավելին տեղի է ունենում 30 տարեկանից հետո։ Ամուսնությունների թվի նվազում է գրանցվել հատկապես տնտեսապես զարգացած երկրներում (Եվրոպան, ԱՄՆ):

Ամուսնությունը հետաձգելու հիմնական պատճառները

 

  1. Շատ երիտասարդներ մինչև ամուսնությունը համատեղ կյանքն ընկալում են որպես փորձաշրջան, ինչը կարող է հետաձգել ամուսնության որոշումը։
  2. Որոշ երիտասարդներ նախամուսնական շրջանն ընկալում են որպես ազատության և վայելքի շրջան (կերուխում, ազատ սեքս և այլն), հետևաբար, երկար ժամանակ են տրամադրում ազատ կյանքին։
  3. Որոշները կարծում են, որ ուշ ամուսնանալը նյութական խնայողության միջոց է։

Ըստ սոցիոլոգիական տարբեր կարծիքների, ուշ ամուսնությունն ունի և՛ դրական, և՛ բացասական ազդեցություն զույգերի հետագա համատեղ կյանքի և ճակատագրի վրա։ 

 

Ուշ ամուսնության առավելությունները

 

  1. Անձնական աճ։ Ամուսնության պարտականությունները, երբեմն, կարող են խանգարել երիտասարդներին կենտրոնանալ անձնական աճի և զարգացման վրա։ Մեր օրերում անհատի աճը շատ կարևոր պայման է աշխատանքի և կարիերայի համար։ Հատկապես վաղ ամուսնությունը և երեխաները կարող են ազդել կանանց ծրագրերի վրա։ Հետևաբար, անձնական աճի վրա կենտրոնանալը զույգերի ամուսնության հետաձգման առավելություններից է համարվում:
  2. Կայուն ամուսնություն։ Վաղ ամուսնությունը կարող է հիմնված լինել զույգերի միմիանց հանդեպ ունեցած սխալ ակնկալիքների վրա: Մինչդեռ, ուշ ամուսնությունը ստեղծում է բավարար ժամանակ՝ գիտակցաբար որոշում կայացնելու, քանի որ տարիքի հետ մարդկանց մտածողության և վարքագծի հասունության մակարդակը բարձրանում է։ Այս շրջանում զույգերն իրենց հանդուրժողականության, նոր գիտելիքի, սթրեսի հաղթահարման ունակության և այլ հմտությունների շնորհիվ նպաստում են ամուսնության կայունությանը: Ըստ տարբեր տվյալների, ուշ ամուսնությունը նվազեցնում է ամուսնալուծության հավանականությունը։
  3. Կրթություն և կարիերա։ Որոշ մարդիկ հետաձգում են ամուսնությունը՝ տնտեսական կարգավիճակի, կարիերայի զարգացման, ուսման և կրթական այլ ծրագրերի պատճառով։
  4. Հոգեկան առողջություն։ Վաղ ամուսնության խնդիրները (կրթություն, ֆինանս, երեխա և այլն) շատ հաճախ լարվածություն և դեպրեսիա են առաջացնում զույգերի մոտ։ Մինչդեռ տարբեր աշխատություններ վկայում են այն մասին, որ ուշ ամուսնությունը նվազեցնում է զույգերի դեպրեսիվ ախտանշանները, բարելավում երջանկությունը, ինքնագնահատականն ու բավարարվածությունը:


Ուշ ամուսնության թերությունները

 

  1. Պտղաբերություն։ Տարիքի հետ նվազում է հատկապես կանանց պտղաբերությունը։ Նույնիսկ որոշ ուսումնասիրություններ վկայում են, որ կնոջ պտղաբերության կարողությունը սկսում է նվազել արդեն 20 տարեկանից։ Հետևաբար, ուշ ամուսնությունն, իր հերթին, նվազեցնում է ծնելիության մակարդակը, որը բնակչության թվի անկման հիմնական գործոնն է։
  2. Հղիության դժվարություններ։ Սերմի տարիքային փոփոխությունները՝ մի կողմից, մյուս կողմից՝ կնոջ մոտ ձվաբջիջների փոփոխությունները մեծացնում են հղիության և ծննդաբերության հետ կապված ռիսկերը։ Ուշ տարիքում հղիությունները կարող են ընթանալ որոշ բարդություններով՝ վիժումեր, բնածին արատներ, արյան բարձր ճնշում, հղիության դիաբետ և ծանր ծննդաբերության ընթացք։ Տարեց տղամարդիկ կարող են գենետիկ հիվանդությունների (աուտիզմ) փոխանցման պատճառ դառնալ։ Մեծ տարիքի կանայք էլ կարող են նպաստել Դաունի համախտանիշով երեխաների ծննդին։
  3. Ռիսկային վարքագիծ։ Ուշ ամուսնությունն ու նախամուսնական ռիսկային վարքագիծը մեծացնում են սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների և վարակների, այդ թվում՝ ՄԻԱՎ-ի ձեռքբերման ռիսկը։
  4. Անհամաձայնություն։ Ուշ ամուսնությունը, որոշ դեպքերում, կարող է ունենալ անկայուն ընթացք՝ պայմանավորված կյանքի փորձառությունների,  համակրանքների և հակակրանքների հետ, որոնք էական նշանակություն կարող են ունենալ ուշ ամուսնացածների համար։ Նման տարիքում ամուսնացածների համար փոխզիջումը երբեմն դժվար է դառնում։
  5. Երեխաների և ծնողների միջև տարիքային մեծ տարբերությունը կարող է նպաստել ծնողների ու երեխաների շփման և փոխադարձ հասկացողության որոշ դժվարությունների, ինչպես նաև բազմաթիվ տարաձայնությունների հիմք լինել: Տարիքով ծնողները հազվադեպ են հանդուրժում իրենց երեխաների սխալները՝ աշխարհի նկատմամբ ունեցած հայացքների պատճառով, ուստի անհանդուրժողականությունը կարող է հանգեցնել հաղորդակցության և փոխըմբռնման բացակայության:


Ամփոփելով

Զարգացած երկրներում շատերը սկսում են կարևորություն չտալ ամուսնությանը, քանի որ նախաամուսնական սեռական հարաբերությունները, կանանց և տղամարդկանց կարիերայի առաջնահերթությունները և բազմաթիվ այլ պատճառներ նպաստում են նման վարքագծին։ Բնականաբար, ամուսնական հարաբերությունները կոչված են ապահովելու զույգերի փոխադարձ կարիքները, ապահովությունը, կայունությունը, մտերմությունը, ինչպես նաև հուզական և սեռական սպասումները: Իսկ նման որոշման համար զույգերի պատրաստակամությունը շատ կարևոր է։